Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, Պենտագոնը հերքում է ռուսական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ԱՄՆ-ն իբր խոստացել է Վրաստանին ապահովել հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցներով: «Ռուսական մամուլում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որոնց` Վրաստանին զենք է վաճառվել, կեղծ են»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի անվտանգության ծառայությանը և ռազմական շրջանակներին, հաղորդել են, որ զենքի՝ տասնյակ միլիոնանոց դոլարների հասնող այդ առաքումները կիրականացվեն երրորդ երկրների կողմից: Ավելին, նրանք հաղորդել են, որ անցյալ տարվա վերջում Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Վրաստանի Եվրաինտեգացիայի հարցերով նախարար Գեորգի Բարամիձեին համապատասխան խոստումներ են տրվել ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոյի և հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի կողմից: