«Հայաստանի իշխանությունները մտադրվել են չգրանցել մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը և թույլ չտալ նրա մասնակցությունը առաջիկա ընտրություններին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել:
Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենք ոստիկանությունից գրություն են ստացել, որով տեղեկացվել են, որ Սուքիասյանի տեղեկանքն անվավեր է ճանաչվել:
«Ոստիկանությունից ենք փաստաթուղթ ստացել, որ իր (Սուքիասյանի) հինգ տարվա տեղեկանքը մի հատ տրամադրել են, հիմա չեն տրամադրել»,- ասել է Յազրյանը:
«ՀԺ»-ի տեղեկություններով` Սուքիասյանը մտադիր է դիմել դատարան: Եթե նրա տեղեկանքի հարցը չլուծվի, նա չի կարող ընդգրկվել նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում:











































