Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի վրացական գինու արտահանումն աճել է 8.5 տոկոսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իյա Ջանաշիան:
Վերջինիս խոսքերով՝ իրենք պլանավորել են այս տարի արտահանել 21 միլիոն շիշ գինի, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 19 միլիոն շիշ գինի. «Մարտի 15-ի դրությամբ՝ այս տարի արտահանվել է 2,788,197 շիշ գինի: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում արտահանվել էր 2,569,942 շիշ գինի:
Հաշվետու ժամանակաշրջանում վրացական գինու արտահանումն աճել է հետևյալ երկրներում. Լեհաստան՝ 64%, Լատվիա՝ 41%, Չեխիա՝ 138%, Էստոնիա՝ 87%, ԱՄՆ՝ 219%, Գերմանիա՝ 199%, Թուրքիա՝ 183%, Ճապոնիա՝ 96%, Մեծ Բրիտանիա՝ 417% և այլն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Վրաստան այցելող տարեկան զբոսաշրջիկների քանակը հասցնել 5 միլիոնի, և որ այդ դեպքում վրացական գինին կսպառվի երկրի ներսում և չի ունենա արտահանման կարիք:









































