ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ղազախստանի նրա պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում են երկկողմ հանդիպում անցկացնել 2012 թ. մարտին Սեուլում կայանալիք միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էնդրյու Վեբերը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, ուրբաթ Վեբերը Աստանայում բանակցություններ է վարել Ղազախստանի արտգործնախարարի հետ:
«Մենք այս շաբաթ Ղազախստան ենք այցելել միջուկային անվտանգության շուրջ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար… Այդ գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, կքննարկեն երկու օր առաջ Վաշինգտոնում կայացած նախորդ գագաթնաժողովում ձեռք բերված առաջընթացը»,- ասել է Վեբերը հանդիպման ավարտից հետո տված ճեպազրույցում:
Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է երկկողմ հանդիպում անցկացնել Ղազախստանի նախագահի հետ՝ արձանագրելու համար Ղազախստանի գրանցած առաջընթացը միջուկային ահաբեկչության սպառնալիքների և զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարում: