«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարն այսօր ընդունել է բանաձև, որում կա բավական հետաքրքիր մի ձևակերպում, որը կարծես թե բավական նոր ու թարմ է Հայաստանի քաղաքական դաշտում: Խոսքը կուսակցական համագումարի բանաձևում արտահայտված այն մտքի մասին է, որում նշվում է հասարակությունն ապախորհրդայնացնելու՝ ստրկացնող բարդույթներից և կարծրատիպերից ազատելու անհրաժեշտության մասին: Սա Հայաստանի համար իսկապես հիմնարար խնդիր է, և որևէ քաղաքական ուժ, կարծես թե, քաղաքական հայտարարության, քաղաքական փաստաթղթի տեսքով առաջ չի քաշել այդ հարցադրումը:
Գաղտնիք չէ, որ անկախության քսան տարիներից հետո էլ Հայաստանի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական միջավայրը գտնվում է խորհրդառուսական արժեհամակարգի և մտածողության ազդեցության տակ: Իսկ այդ մտածողությունն իր սպառվածությունը վկայել է ոչ միայն Խորհրդային պետության անփառունակ կյանքով ու վախճանով, այլ նաև հետխորհրդային տարածության անփառունակ գոյությամբ: Հետխորհրդային տարածության երկրներից էական, գրեթե թռիչքաձև վերափոխումներ են արձանագրել միայն այն երկրները, որոնք մեկընդմիշտ մի կողմ են դրել խորհրդառուսական մտածողությունը, դուրս են եկել այդ գերությունից, հաղթահարել են կամ հաղթահարում են հանրային կարծրատիպերը՝ Մերձբալթյան երկրներ, Վրաստան: Մյուս պետությունների պարագայում իշխանության ղեկին է ռազմաֆեոդալական կամ քրեաօլիգարխիկ համակարգը, որն անվերջ վերարտադրվում է պետության ապագայի հաշվին՝ շահարկելով նաև հենց հանրային պատկերացումների խորհրդառուսական բազան:
Հայաստանի քաղաքական դաշտում այս խնդիրը ձևակերպում է ստանում «Ազատ դեմոկրատներ»-ի միջոցով և բավական էական մի պահի՝ խորհրդարանի ընտրության նախաշեմին: Այլ կերպ ասած՝ նախընտրական օրակարգում է դրվում հիմնարար մի խնդիր՝ հասարակության, պետության քաղաքակրթական ընտրության հարցը: Այդ հարցը Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում չի հայտնվել օրակարգում: Ավելին՝ փորձ է արվել հնարավոր միջոցներով խուսափել դրանից՝ այդ խուսափողականությունը պայմանավորելով, այսպես ասած, ազգային անվտանգության նկատառումներով և փոխարինելով փոխլրացման քաղաքականության մասին հռչակագրերով: Մինչդեռ փոխլրացումն ու քաղաքակրթական կողմնորոշումը բացարձակապես տարբեր բաներ են և միմյանց չեն հակասում բացարձակապես: Խնդիրն այն է, որ փոխլրացումը արտաքին քաղաքական մարտավարություն է, իսկ քաղաքակրթական ընտրությունը պետական կյանքի գլոբալ հունի ընտրություն է, որի մեջ են հունցվում այլ մարտավարական և ռազմավարական գործընթացները:
Փաստորեն, Հայաստանում առաջին անգամ կարող է ձևավորվել քաղաքական բևեռ, որտեղ դրվում է քաղաքակրթական այլընտրանքի կոնկրետ հարց: Այդ բևեռում կարող են լինել «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը», որոնք արդեն իսկ քննարկում են դաշինքի խնդիրներ, այդ բևեռում կարող է լինել նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որը Հայ ազգային կոնգրեսում թերևս միակ ուժն է, որը ոչ միայն չի գտնվում ռուսական շրջանակների հետ բացահայտ կամ քողարկված կոնտակտների մեջ, այլ իր առաջնորդի մակարդակով ևս հստակ ներկայացնում է քաղաքակրթական կողմնորոշման իր մոդելը: Ուշագրավ է նաև ԲՀԿ նոր անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասնակցությունը «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարին, որքան էլ որ այդ մասնակցությունը անհատական, ոչ թե կուսակլցական կարգավիճակով էր: Այս տեսանկյունից, խորհրդարանի ընտրությունը պետության համար քաղաքակրթական իմաստով կարող է լինել իսկապես շրջադարձային մեկնակետ:
Ցավալի է իհարկե, որ անկախ պետությունը դրան է հասնում անկախությունից քսան տարի անց միայն: Բայց թերևս լավ է, որ գոնե քսան տարի անց հասնում ենք այն կետին, որը գուցե արդեն իսկ անցած պետք է լինեինք:









































