Ըստ Anadolu գործակալության` Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններում համագործակցելու մասին»: Փաստաթղթի տակ ստորագրել են պետնախարար եւ Թուրքիայի` ԵՄ մտնելու հարցում գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը եւ ԵՄ հարցերով բրիտանացի նախարար Դեւիդ Լիդինգթոնը: Ստորագրման արարողությանը նախորդել են թուրք-բրիտանական բանակցություններ: «Մեծ Բրիտանիան երկիր է, որն ավելի լավ է հասկանում, թե ինչ վերելքների եւ անկումների միջով է անցնում Թուրքիան ԵՄ-ին միանալու գործընթացում, քանի որ Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ մուտք գործելու համար նույնպես բարդ են եղել»,- ասել է Բաղիսը եւ հավելել, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի համար ոգեշնչման աղբյուր է ԵՄ ինտեգրվելու առումով իր պարտականությունների կատարման հարցում: Իր հերթին, Լիդինգթոնը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրն ուղղված է շրջակա միջավայրի վերաբերյալ պահանջների կատարաման հարցում Թուրքիային օգնելուն, ինչը կամրապնդի երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը: