Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը լրագրողներին ծանոթացրել է մայրաքաղաքի «Տիվոլի» զվարճանքների այգում ներկայացվելիք Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համար իր մոդելավորած հագուստների էսքիզների հետ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, «Շչելկունչիկ»-ի այս տարբերակում դեպքերը տեղի են ունենում ոչ թե կախարդական աշխարհում, որը երազում տեսնում է բալետի գլխավոր հերոսուհին, այլ «Տիվոլի» այգում Հանս Քրիստիան Անդերսենի ժամանակներում: «Մենք ցանկանում էինք համոզել հանդիսատեսին, որ կախարդական աշխարհը հենց Կոպենհագենի հայտնի այգին է»,- ասել է թագուհին մամուլի ասուլիսում:
«Տիվոլի»-ն դանիացիների հպարտության առարկան է և Եվրոպայի հնագույն զվարճանքի այգիներից մեկը, որը բացվել է 1843 թ.:
Ըստ նոր նախագծի՝ կստեղծվի ավելի քան 100 կոստյում և 4 մեծ դեկորացիա 36 պարողների համար: Դեկորացիաները կպատրաստվեն Կոպենհագենում, իսկ կոստյումները կկարվեն Լոնդոնում:
71-ամյա Մարգարետ 2-րդը, որն արդեն 3 տասնամյակ է՝ աշխատում է թատերական և հեռուստատեսային սցենոգրաֆիայի ոլորտում, ևս 3 նկարիչների հետ կոստյումների էսքիզների վրա աշխատել է մեկ տարի:
Նոր «Շչելկունչիկի» խորեոգրաֆը Պետեր Բո Բենդիկսենն է, որը բազմիցս աշխատել է թագուհու հետ:








































