Իրանը խոստանում է շարունակել օգնություն ցուցաբերել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը: Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում պաղեստինյան շարժման արտաքին կապերի պատասխանատու Մահմուդ Ալ-Զահարի հետ ունեցած հանդիպմանը:
Սալեհի և Ալ-Զահարի բանակցությունների թեմաներից մեկը եղել է Գազայի հատվածի և Իսրայելի հակամարտության սրումը: «Պաղեստինի բնակչությանն օգնելը մեր սկզբունքների և կրոնական համոզմունքների մասն են կազմում։ Մենք համոզված ենք պաղեստինյան հարցի անխուսափելի հաղթանակում»,- ընդգծել է նախարարը՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, չորեքշաբթի սկսված այցի ընթացքում Մահմուդ Ալ-Զահարը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սաիդ Ջալիլիի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ, որոնք նույնպես իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը: Իր հերթին Ալ-Զահարը նշել է, որ «պաղեստինյան իսլամական դիմադրության սկզբունքները և ռազմավարությունը մնում են նույնը»: «Իսլամական հեղափոխությունները տարածաշրջանում ազդարարում են պաղեստինցի ժողովրդի հաղթանակը և ուժերի հավասարակշռության փոփոխությունը Մերձավոր Արևելքում»,- ասել է նա:
Հիշեցնենք. Իսրայելն Իրանին մեղադրում է պաղեստինցի ծայրահեղականներին զենք մատակարարելու մեջ:










































