Բրտիտանացի Ռեյմոնդ Սքոթը, ով դատապարտվել էր Ուիլյամ Շեքսպիրի գողացված պիեսների առաջին հրատարակությունը պահելու համար, մահացել է իր բանատխցում: Ոստիկանության տվյալներով՝ խոսքը սպանութան մասին չէ:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ոչ ստույգ տեղեկություններ կան, որ կատարվածը կարող է դիտվել որպես ինքնասպանություն: Իր հերթին Sky News հեռուստաալիքը հայտնում է, որ Սքոթի կոկորդը կտրված է եղել՝ նշելով, որ քննիչները նրա մահը կասկածելի են համարում:
Ռեյմոնդ Սքոթը 2010թ. դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 1998թ. Բրիտանիայի Դարեմ քաղաքի ուսանողական ցուցահանդեսից գողացված Շեքսպիրի պիեսների առաջին հրատարակությունը պահելու մեջ: Ոստիկանությունը նրան հայտնաբերել էր Վաշինգտոնում գտնվող Ֆոլջերի շեքսպիրյան գրադարանի շնորհիվ, որտեղ բրիտանացին գիրքը ներկայացրել էր՝ դրա իսկությունը հաստատելու համար:
Սկզբնապես Սքոթին մեղադրանք է ներկայացվել գիրքը գողանալու համար, սակայն այդ կետը ապացուցել չի հաջողվել: Ինքը Սքոթը դատավարության ժամանակ ասել է, որ գիրքն իրեն նվիրել է մի կուբացի զինվորական:
Գիրքը, որի համար դատապարտվել էր Սքոթը, հրատարակվել է 1623թ.՝ Շեքսպիրի մահից 7 տարի անց: Ամբողջ աշխարհում պահվում է այդ հրատարակության ընդամենը 200 օրինակ: Գողացված գիրքը վերադարձվել է Դարեմի համալսարանին:









































