«Առաջին լրատվականը» երեկ հայտնել էր, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում հեղեղների հետևանքով զոհվել էին հարյուրավոր մարդիկ: Այսօր այդ երկրի իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թիվն այս պահին անցել է 500-ից, սակայն սպասվում է, որ առաջիկա ժամերին այդ թիվը դեռ կաճի, քանի որ ավերածությունները հսկայական են:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տուժել են Նովա Ֆրիբուրգու, Թերեզոպոլիս, Պետրոպոլիս, Սումիդորու և Իտայպավա քաղաքները: Ջրի տակ է անցել ավելի քան 5000 շինություն, փակ են կենտրոնական բոլոր հիմնական ճանապարհները, քանի որ տարբեր մասերում դրանք հիմնահատակ ավերվել են:
Իշխանությունները մտահոգված են ոչ միայն ջրհեղեղներով, այլև դրան հետևած հնարավոր համաճարակներով, քանի որ շատ վայրերում խմելու ջուրը խառնվել է կոյուղու և այլ ջրային հոսքերի հետ: