Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Վահան Խալաֆյանի գործով դատական նիստում մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա պահանջել է ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության ՔՀԲ նախկին պետ Աշոտ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ գործով անցնող մյուս երեք օպեր-լիազորների` Մորիս Հայրապետյանի` 2, Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի 1-ական տարվա պատիժները պայմանականորեն չկիրառել: Մեղադրական ճառի ժամանակ՝ Վահանի մահվան հանգամանքները ներկայացնելիս, տուժողի մայրը դատարանի որոշմամբ դուրս հրավիրվեց դատարանից` ռեպլիկ հնչեցնելու համար: Տուժող կողմի ներկայացուցիչ` Համիկ Խալաֆյանը (Վահան Խալաֆյանի հորեղբայրը), իր ճառում ասաց, որ իրենք չեն հավատում Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ իրենց հարազատին խոշտանգելով սպանել են: Նոյեմբերի 1-ին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը, որից հետո կորոշվի դատավճռի հրապարակման օրը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված Վահան Խալաֆյանը խոշտանգումների արդյունքում դիմել է ինքնասպանության:
Հաջորդ դատական նիստը` նոյեմբերի 1-ին: Դատարանը կլսի պաշտպանական ճառը: