Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ Բաքվում այսօր ստորագրվել է երեք համաձայնագիր, այդ թվում «Հարավային միջանցքի» վերաբերյալ հռչակագիրը: Լուրը «Թրենդ» գործակալությանն է հաղորդել Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուն ստորագրել են «Համատեղ հռչակագիր Հարավային էներգետիկ միջանցքի վերաբերյալ»: «Հարավային միջանցք»-ը ԵՄ էներգետիկ գերակա նախագծերից է, որի նպատակն է դիվերսիֆիկացնել էներգամատակարարումների ճանապարհներն ու աղբյուրները՝ այդպիսով մեծացնելով ԵՄ էներգետիկ անվտանգությունը: