1935թ. այս օրը Մոսկվայում ծնվեց ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971թ.) Լեոնիդ Ենգիբարյանը:
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում:
1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ, ինչի արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952-ին սկսելով երրորդ կարգից` 1954-ին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր: 1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։
1959-ին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում: 1962-ին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.): 1964-ին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջզգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։
1960-ականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով», գրում փայլուն արձակ ստեղծագործություններ։
Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»,1964թ.), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66», 1967թ.), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում:
Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմերը: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ ռուսերեն):
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝«ենգիբարյանական ուղղությանը»: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:
Մահացել է 1972թ. հուլիսի 25-ին Մոսկվայի իր բնակարանում։ 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ.):