Ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքը ստիպված է եղել դադարեցնել ձիարշավների մասին «Հաջողություն» սերիալի նկարահանումները, քանի որ նկարահանման տաղավարում սատկել է երեք ձի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այս սերիալում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Դասթին Հոֆմանը և Նիք Նոլթին:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները պարզաբանել են, որ դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նկարահանող խումբը չի կարողացել ապահովել կենդանիների անվտանգությունը` չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին:
Նշվում է, որ երկու ձի սատկել է հեռուստասերիալի նկարահանման առաջին փուլի ժամանակ, իսկ մեկը` երրորդ, որը մեկնարկել է բոլորովին վերջերս:











































