Միջինքը նշվում է Մեծ պահքի չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը և խորհրդանշում է պասի կիսվելը: Այս օրը եկեղեցում կատարվող արարողություններն այնքան էլ հարուստ չեն, ավելի ճոխ այն նշվել է հայկական ավանդական ընտանիքներում: Ծիսական բաղարջը` Միջինքը, կլոր կամ ուռուցիկ ձև ունի, պատրաստում են ձեթով, մեղրաջրով, ընկույզով ու քիշմիրով. «Բաղարջի մեջ հուլունք կամ դրամ էին դնում, իսկ կտրելիս հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին: Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ մետաղադրամը կպչի դանակին, ընտանիքի ապրուստի միջոցը հողն էր լինելու: Դանակը նույնացնում էին գութանի խոփի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:
Նա նաև ասաց, որ հին երևանցիները Միջինքին սովորաբար կուտապ էին թխում: Այն լոբով և սիսեռով պատրաստված կարկանդակ էր, որի մեջ դնում էին արծաթե փող և ում բաժին էր ընկնում, նրան էլ վերագրում էին այդ տարվա հաջողությունը:
Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, որտեղ նոր մահացած բարեկամ կար. «Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում և Միջինքի երեկոյան մատուցում էին սգավոր ազգականներին»,- ասաց ազգագրագետը:
Միջինքի չորեքշաբթի երեկոյան եկեղեցիներում ջրով և ձեթով լի կոնք էր պատրաստվում, որին ժողովուրդը «լիճք» էր ասում: Այն իրենից ներկայացնում էր եղեգնյա խաչի մեջ դրված պատրույգ, որը ողջ գիշեր այրվում էր: Առավոտյան այն հավասարաչափ բաժանում էին ներկա հավատացյալներին, որոնք էլ այդ ջուրը խմորի հետ խառնելով` պատրաստում էին տվյալ օրվա ծիսական բաղարջը: Ազգագրագետի խոսքերով` «լիճքը» նվիրված էր հավատքի համար նահատակված կույսերին:











































