Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրաց լեյբորիստները ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել են հրեական ծագում ունեցող վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությանը մասնակցելու մեջ:
Լեյբորիստական կուսակցության գաղափարախոսական քարտուղար Պաատա Ջիբլաձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բոլորին է հայտնի եղել, թե Պատարկացիշվիլին ինչպիսի բացասական դիրքորոշում որդեգրեց Իվանիշվիլիի նկատմամբ, երբ նա անցավ ընդդիմության շարքերը, իսկ Իվանիշվիլին ֆինանսավորում էր գործող իշխանություններին.
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Պատարկացիշվիլիի մահից հետո Սաակաշվիլին պաշտոնապես շնորհակալություն հայտնեց Վրաստանի ՆԳՆ-ին՝ Լոնդոնում իրականացրած հատուկ գործողության համար, իսկ տվյալ գործողության ղեկավար Իրակլի Կոդուային շնորհեց պետական պարգև: Իվանիշվիլին իր հերթին նրան նվիրեց 8 միլիոն դոլար»:
Լեյբորիստները Պատարկացիշվիլիի ընտանիքին կոչ են անում պահանջել ՄԱԿ-ում հատուկ հանձնաժողովի ստեղծում՝ գործարարի սպանությունը հետաքննելու համար:
Հիշեցնենք, որ Բադրի Պատարկացիշվիլին սրտի կաթվածից մահացել է 2008 թվականի փետրվարի 12-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.00-ին: Մինչ այդ նա ընդհանրապես չի բողոքել սրտի աշխատանքից: Նրա հայրը՝ Շալվա Պատարկացիշվիլին, նույնպես հանկարծակի մահացել է սրտի կաթվածից:











































