Նախքան խաբեբա կոչվելը՝ արդեն քանի՞ անգամ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խախտել իր խոստումը և վիրավորական արտահայտություններ արել Հայոց ցեղասպանության վերավերյալ:
Նման հարցադրում է իր հոդվածում ներակայցրել asbarez.com-ի լրագրող Հարութ Սասունյանը` ասելով, որ հայերն արդեն կուշտ են տիկին Քլինթոնից և նախագահ Բարաք Օբամայից, որը նույնպես չի պահել իր խոստումները, որ տվել էր Հայերի ցեղասպանության վերաբերյալ:
Եվ խնդիրը միայն Ցեղասպանության հարցը չէ: Օբամայի վարչակազմը ամերիկահայ համայնքին հիասթափեցրել է շատ այլ հարցերում ևս, որոնցից են Հայաստանին ուղղված արտասահմանայն օգնության կրճատումը, Արցախի ինքնորոշմանը չաջակցելը և Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որ վերջինս Թուրքիայի հետ կնքի համաձայնագիր, որը դեմ է նրա ազգային շահերին:
Այս հոդվածի միջոցով Հարութ Սասունյանը ներկայացնում է պետքարտուղար Քլինթոնի իրականացրած քայլերը և հայտնում նախագահ Օբամայի քաղաքականության նկատմամբ ամերիկահայերի ունեցած դժգոհությունը:
Որպես ԱՄՆ սենատոր՝ տիկին Քլինթոնը աջակցել էր, որ ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև: 2006 և 2008 թվականներին նա սենատոր Օբամայի հետ նամակներ էր ուղարկել նախագահ Ջորջ Բուշին` հաղորդելով, որ Ցեղասպանության զոհերը արժանի են հիշվելու և պատմության մեջ իրենց ճիշտ տեղին:
2008 թվականի հունվարի 24-ին, արդեն որպես նախագահի թեկնածու, տիկին Քլինթոնը գրավոր հայտարարություն էր ներկայացրել, որում Օսմանյան կայսրության իրականացրած սարսափելի արարքները հայերի դեմ անվանել էր ցեղասպանություն և գրել. «Մեր բարոյականությունը և ազգի վստահելիությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ձայն, մեզ պարտավորեցնում են երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի կողմից»:
Բայց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Քլինթոնը կարծես թե մոռացավ իր բոլոր նախկին հայտարարությունները և Հայոց ցեղասպանության հարցը որակեց որպես պատմական վիճելի հարց: Իսկ քանի որ Ցեղասպանության փաստերն անփոփոխ են մնացել, դա նշանակում է, որ փոփոխություն է տեղի ունեցել Քլինթոնի բարոյական արժեքներում:
Քլինթոնի նման հայտարարությունը բարկության ալիք էր բարձրացրել հայկական համայնքում: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանալուց հետո Քլինթոնը նաև խուսափել է իր հայտարարություններում միլիոնավոր հայերի սպանությունը ցեղապանութուն կոչելուց: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից հետո նա գրել էր, որ դրանով իր հարգանքի տուրքն է մատուցել նրանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ողբերգության ժամանակ:
Հարութ Սասունյանը իր հոդվածը եզրափակում է՝ ասելով. «Եթե պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման վիրավորական մեկնաբանություններ աներ Հոլոքոստի վերաբերյալ, նրան կհեռացնեին աշխատանքից միևնույն օրը: Ամերիկահայերը պետք է նույնը պահանջեն: Բարեբախտաբար, տիկին Քինթոնը հայտարարել է, որ թոշակի է անցնում այս տարվա վերջում: Մենք ասում ենք հաջողություն և բարի հեռացում»: