ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ճապոնիան բողոք են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ նշելով, որ Չինաստանը միակողմանի կերպով սահմանափակումներ է մտցրել հազվագյուտ մետաղների արտահանման վրա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Կարել դե Գյուխտը հայտարարել է, որ Պեկինի կողմից սահմանված քվոտան հազվագյուտ մետաղների արտահանման վրա մեծ վնաս է հասցնում ամբողջ աշխարհի գնորդներին և արդյունաբերողներին:
Հազվագյուտ տարրերի շարքին դասվող մետաղները լայն կիրառություն ունեն բարձր տեխնոլոգիաների արտադրության մեջ՝ սկսած բջջային հեռախոսներից ու էլեկտրամոբիլներից մինչև ինքնաթիռներ ու տիեզերական սարքեր:
Այդ հազվագյուտ մետաղների հանույթի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Չինաստանին: Պեկինը պնդում է, որ արտահանման սահմանափակումների նպատակը շրջակա միջավայրի պաշտպանությունն է: