Վենեսուելայում արձանագրվել է սպանությունների և մարդկանց առևանգումների թվի կտրուկ աճ, այս մասին է վկայում Կարակասի ոստիկանության Հասարակական անվտանգության բաժնի՝ երկուշաբթի հրապարակված հաշվետվությունը,- հաղորդում է Радио Свобода-ն:
Ըստ հաշվետվության՝ անցյալ տարի Վենեսուելայում արձանագրվել է 19 հազար սպանություն, այսինքն՝ մոտ 67 դեպք յուրաքանչյուր հարյուր հազար բնակչության համար: Մայրաքաղաք Կարակասում այս ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է՝
108 սպանություն՝ հարյուր հազար բնակչության համար: Զոհվածների 93 տոկոսը 15-ից 24 տարեկան տղամարդիկ են: Անցյալ տարի երկրում առևանգել էին հազարից ավելի մարդու:
Զեկույցը հրապարակվել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի Կուբայից վերադառնալու նախօրեին, որտեղ նա բուժվում էր քաղցկեղից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ, որտեղ Չավես, ինչպես ենթադրվում է, կներկայացնի իր թեկնածությունը: