Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի սպառողական շուկայում օր օրի նոր թանկացումներ են արձանագրվում: Թանկացումներից զերծ չի մնում նաեւ գյուղատնտեսական շուկան: 1կգ սոխի գինը այս շաբաթ թանկացել է 250 դրամով` հասնելով 500 դրամի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գյուղատնտեսական շուկայում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ գյուղատնտեսական շուկան Հայաստանում ազատ գնային քաղաքականություն է վարում: Արմավիրի մարզում սոխի հեկտարային մշակությամբ զբաղվող Մհեր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի սոխի բերքատվությունը, ի տարբերություն նախորդ տարվա, կտրուկ նվազել է: Իսկ պատճառն այն է, որ անցյալ տարի, երբ չի հաջողվել սոխը ամբողջությամբ իրացնել, գյուղացիներն այս տարի կիսով չափ նվազեցրել են ցանքատարածքները: «Անցյալ տարի եթե 1 հեկտար էին ցանում, ապա այս տարի կես հեկտար են ցանել: Բացի այդ` այս տարի երաշտի պատճառով բերքն էլ, իր հերթին, շատ սակավաքանակ էր: Եթե նախկինում 1 հեկտար սոխից մինչեւ 50 տոննա բերք էր հնարավոր ստանալ, ապա այս տարի 1 տոննայից 10 տոննա ենք ստացել», – պարզաբանեց Սոխի մշակությամբ զբաղվող Մհերը: Ի դեպ, նրանից տեղեկացանք, որ վերավաճառողները սոխը իրենցից 250-300 դրամով են գնում, սակայն վերավաճառում են 500 դրամով: Ստացվում է, որ վերավաճառողները սոխի վաճառքից ավելի մեծ շահույթ են ստանում, քան սոխի մշակությամբ զբաղվող գյուղացիները: