ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 9%-ով ընկել է՝ կապված նավթի և գազի աճող գներից ամերիկացիների դժգոհությունների հետ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ABC News-ի հետ վերջերս անցկացրած համատեղ հարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ նավթի և գազի գների բարձրացումն արդեն բացասական է անդրադարձել իրենց ընտանեկան բյուջեի վրա: Հարցվածների գրեթե կեսը մտածում է, որ գները դեռ կաճեն:
Պարբերականը գրում է, որ քաղաքացիների 46%-ը հավանություն է տալիս Օբամայի տնտեսական քաղաքականութանը, իսկ 50%-ը դրան բացասաբար է վերաբերվում: Հետաքրքիր է, որ փետրվարի սկզբին անցկացված նախորդ հարցման արդյունքները այս հարցման հակապատկերն էին: Այն ժամանակ նախագահի քաղաքականությունը պաշտպանում էր ամերիկացիների 50%-ը, բացասաբար էր արտահայտվում՝ 46%-ը:
«Օբամայի ցածր վարկանիշի պոտենցիալ քաղաքական հետևանքները հստակ են»,- գրում է թերթը: Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ այս ամենի արդյունքում մեծանում է նախագահական ընտրություններում հանրապետականների (Միթ Ռոմնիի և Ռիք Սանտորումի) հաղթանակի հավանականությունը:










































