1955թ. այս օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով զորահրամանատար, ռազմական գործիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944թ., 1977թ.) Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում:
Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին, 1925-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հեծելազորային հրամկազմի կատարելագործման, 1931-ին՝ բարձրագույն հրամկազմի դասընթացները, 1934-ին՝ Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան, 1938-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները: Առաջին աշխարհամարտի (1914–1918թթ.) տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում: 1918-ին մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար՝ Սարդարապատի ճակատամարտին:
Հայաստանի խորհրդայնացումից (1920թ.) հետո եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, 1923–1931թթ.՝ հեծելագնդի հրամանատար, ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցներն Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943թ. հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում:
1943թ. նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելառուսի ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944թ. Մերձբալթիկայում մղված մարտերին,
Գրել է ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ ու հոդվածներ (թարգմանվել են գերմաներեն, հայերեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն), խմբագրել ռազմագիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր: Նրա գործունեության մասին գրվել են գրքեր:
Բաղրամյանի անունով կոչվել են փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Մոսկվայում, իսկ Երևանում՝ Մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը: