Ռուսաստանը և Արաբական երկրների լիգան (ԱԵԼ) համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որը բաղկացած է հինգ կետից: Դրանց մեջ է Քոֆի Անանի նախաձեռնությանն աջակցելը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱԵԼ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ ԵՄ-ն ևս հանդես էր եկել այդ նախաձեռնության պաշտպանությամբ, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել էր, որ դժվար է պայմանավորվել, երբ «զինված խմբավորումներն» ապակայունացնում են իրավիճակը:
Ինչպես հայտնել է Լավրովը, կողմերը հինգ կետերով համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը:
«Առաջին` դադարեցնել բռնությունը: Երկրորդ` ստեղծել անկախ մոնիթորինգ, երրորդ` ոչ մի արտաքին միջամտություն, չորրորդ` անարգելք հումանիտար օգնության մատակարարում բոլոր սիրիացիներին: Եվ վերջապես, հինգերորդ` կայուն աջակցություն Քոֆի Անանի նախաձեռնությանը, որը նպատակ ունի քաղաքական երկխոսություն սկսել կառավարության և բոլոր ընդդիմադիր խմբավորումների միջև»,- ասել է ռուս նախարարը:
Լավրովի խոսքերով՝ այս բոլոր կետերը սկզբունքորեն կարևոր են: Նա նաև հույս է հայտնել, որ Քոֆի Անանի նախաձեռնությունը կտա իր արդյունքները:











































