TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված վերջին զարգացումները: Դավութօղլուն Էշթոնին իրազեկել է մարտի 7-ին Նախիջևանում տեղի ունեցած Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մանրամասների մասին:
Նշվում է, որ Էշթոնը մտադիր է «Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) անունից բանակցել Իրանի հետ՝ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում:
Հիշեցնենք, որ Նախիջևանում կողմերը ստորագրել էին 15 կետանոց փաստաթուղթ, որի 12-րդ կետն առնչվում է Մերձավոր Արևելքում առանց միջուկային զենքի գոտու ստեղծմանը:










































