Ճապոնիայի Օսակե քաղաքում Սիտեննոձի բուդդիստական տաճարում այսօր 16 հազար մոմ են վառել ի հիշատակ անցյալ տարվա ավերիչ երկրաշարժի և ցունամիի զոհերի:
Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, սգո արարողությունների մեծամասնությունը կանցկացվի երկրաշարժի օրը՝ մարտի 11-ին: Տեղի ժամանակով 14:16-ին (հենց այդ ժամին է տեղի ունեցել երկրաշարժը) նշանակված է լռության րոպե ՝ ի հիշատակ աղետի զոհերի:
Լռության րոպե կհայտարարվի նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, որտեղ ցունամիից հետո մի քանի վթարների հետևանքով ռադիացիայի արտահոսք եղավ: Մարտի 11-ին ատոմակայանը դարձյալ հրապարակավ ներողություն կխնդրի կատարվածի համար:
Աղետի տարելիցին Ճապոնիայի կայսր Ակիխիտոն և վարչապետ Յոսիխիտո Նոդան կմասնակցեն Տոկիոյի Ազգային թատրոնում անցկացվող սգո արարողությանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Դրան հաջորդեց կործանիչ ցունամի, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասավ 10 մետրի: Աղետի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 16 հազար մարդ, շուրջ 3000-ը համարվում են անհետ կորած, ավերվել է մոտ 330 հազար տուն: Առավելապես տուժել են Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները:









































