Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել շարունակել բարձր մակարդակով երկկողմ հանդիպումները: Այս մասին լրագրողներին հայտնել է միջազգային հարցերով Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրա խոսքերով՝ Պուտինը կարևորել է վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը՝ նշելով մասնավորապես երկկողմ արդյունավետ բանակցությունները Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում:
Պուտինը հիշեցրել է Մոսկվայի և Վաշինգտոնի տարբեր դիրքորոշումները ՀՀՊ հարցում և նշել, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը զիջում է քաղաքականին:
ՌԴ նորընտիր նախագահը վերջում հաջողություն է մաղթել ԱՄՆ նախագահին իր նախընտրական քարոզարշավում: Ուշակովը, սակայն, չի հայտնել՝ արդյոք ի վերջո Օբաման շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս հարցը միջազգային ԶԼՄ-ները քննարկում են մարտի 4-ից:Vesti-ն, սակայն, նշում է, որ 20 րոպե տևած ոչ պաշտոնական զրույցում Օբաման, այնուամենայնիվ, շնորհավորել է Պուտինին:










































