«168 ժամ»-ը գրում է, որ երեկ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Պուրտոյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից և նորից պատգամավոր դառնալու համար քննարկում է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:
«Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Էրեբունի համայնքն ընդգրկող ընտրատարածքներից մեկից, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի թեկնածությունը»:
Ա. Պուրտոյանը սակայն երեկ թերթի թղթակցին ասել է, որ եթե նույնիսկ չդառնա պատգամավոր, դուրս չի գա ՀՀԿ կազմից: Իսկ իր առաջադրվելու հարցը կորոշվի այսօրվա համագումարից հետո:
«ԲՀԿ-ին անդամակցելու հարց է քննարկում նաև Ապարանից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանին, ում թեկնածությունը, ըստ մամուլում հրապարակված լուրերի, պաշտպանելու է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Վերջինս երեկ չի հերքել այդ տեղեկությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` Լ. Խաչատրյանը սկզբում ցանկացել է անդամակցել ՀՀԿ-ին, բայց նրան չեն ընդունել: Ասում են, Լ. Խաչատրյանը չի վայելում ՀՀԿ վերնախավի աջակցությունը, որովհետև համարձակություն է ունեցել քննադատել վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը»,- հավելում է թերթը:










































