ԱՄՆ ռազմական ուժերն ուրբաթ օրը համաձայնագիր են ստորագրել վեց ամսվա ընթացքում Աֆղանստանում կալանքի իրենց հիմնական կենտրոնն Աֆղանստանի կառավարության ղեկավարությանը հանձնելու վերաբերյալ: Սա կարևոր քայլ է Աֆղանստանի և ԱՄՆ-ի արդեն մի քանի ամիս շարունակվող բանակցություններում, որոնք նպատակ ունեն բարելավել երկու երկրների միջև հարաբերութունները՝ նախքան ամերիկյան զորքերի երկրից հեռանալը:
Այս քայլը թույլ է տալիս խուսափել այն վտանգից, որ բանակցությունները կարող են երկար ժամանակով դադարեցվել, քանի որ բանտի հանձնումն այն պայմաններից մեկն էր, որ նախագահ Համիդ Քարզայը բազմիցս ներկայացրել էր ամերիկյան կողմին:
Համիդ Քարզայն այս օրը որպես վերջնաժամկետ էր նշանակել՝ բանտի ղեկավարումն իր կառավարությանը հանձնելու համար: Փարվանում գտնվող այդ հաստատությունում կալանքի տակ է գտնվում 3000 աֆղան: Հինգշաբթի օրը, ինչպես արդեն հաղորդել էինք, երկու նախագահները խոսակցություն էին ունեցել, և Սպիտակ տունը հաղորդել էր, որ ղեկավարները խոսել են բանակցություններում նկատվող առաջընթացի մասին:










































