«Ասպարէզ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի 7-ին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ եթե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրվի, ապա առաջ կքաշի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ:
Ֆրանսիայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Մուրադ Փափազյանն իր հերթին նկատել է, որ ինչպես Նիկոլա Սարկոզին, այնպես էլ նախագահական ընտրություններում նրա հիմնական մրցակից Ֆրանսուա Հոլանդը խոստանում են ընտրվելուց հետո խորհրդարան մտցնել նոր օրինագիծ. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը: Ե՛վ պարոն Սարկոզին, և՛ պարոն Հոլանդը կշարունակեն աջակցել մեզ մեր արդար պայքարում»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը հայտարարել է, որ մինչև հունիս առաջ չի քաշվի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ:
Կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Կոուպը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Խնդիրն այն է, որ, դժբախտաբար, ավարտվել է խորհրդարանի աշխատանքը, և մենք չենք կարող այդ օրինագիծը ներառել նրա օրակարգում: Մենք ստիպված ենք սպասել հաջորդ գումարման խորհրդարանին՝ մինչև հունիս»:
Ի դեպ, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 22-ին (1-ին տուր) և մայիսի 6-ին (երկրորդ տուր, եթե դրա կարիքը զգացվի), իսկ խորհրդարանական ընտրությունները՝ հունիսի 10-ին և 17-ին: