2008 թ. նախագահական ընտրություններից հետո հայաստանյան բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Այս տարիների ընթացքում քաղբանտարկյալներից շատերը կորցրին իրենց հարազատներին: Բացի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից, որի հայրը մահացավ Ֆրանսիայում, մնացած բոլոր դեպքերում քաղբանտարկյալներին թույլատրվել է մասնակցել իրենց հարազատների հոգեհանգստի ու թաղման արարողություններին:
Ս. թ. հունվարի 11-ին մահացել է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի մայրը: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն այդ առթիվ իր ցավակցություններն է հայտնում Շմավոնին, միաժամանակ հանրությանը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները, առաջնորդվելով իրենց էությանը հարիր պարզունակ վրեժխնդրությամբ, որոշել են էլ ավելի անմարդկային դարձնել քաղբանտարկյալների նկատմամբ իրենց վերաբերմունքը: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, իշխանությունները վճռել են նրան ընդամենը մոր թաղման արարողությանը երկու ժամով ներկա գտնվելու հնարավորություն ընձեռել:
Դատապարտելով այս հերթական անմարդկային քայլը` Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն ՀՀ իշխանություններից պահանջում է մի կողմ դնել վրեժխնդրությունը և քաղբանտարկյալին` մորը վերջին հրաժեշտի նորմալ հնարավորություն ընձեռել:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների
և հալածյալների պաշտպանության կոմիտե