«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունները: Այս մասին նշված է Խամենեիի կայքում:
Հիշեցնենք, որ Օբաման հայտարարել էր, թե Իրանի միջուկային ծրագիրը դեռ կարելի է կարգավորել դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով՝ քննադատության ենթարկելով այդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու օգտին հանդես եկողներին: Բացի այդ, Օբաման Իրանին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ էր հղել:
Խամենեին Օբամայի այս խոսքերը որակել է որպես «պատրանքներից հետքայլ». «Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցներն ունեն 33-ամյա վաղեմություն, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դրանք ավելի են խստացվել: Դրանք միտված են Իրանի ժողովրդին իսլամական ղեկավարությունից անջատելուն, սակայն մարտի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցուցաբերված ակտիվությունը ցույց տվեց, որ ժողովուրդը հավատարիմ է իսլամական համակարգին»:










































