Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստանում է նախագահական ընտրություններում պարտության դեպքում հեռանալ քաղաքականությունից: Այսպիսի հայտարարություն նա արել է BFM TV հեռուստաալիքի եթերում:
Սարկոզին «այո» է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա կհեռանա քաղաքականությունից, եթե պարտվի նախագահական ընտրություններում:
«Դուք կարող եք հարցը երրորդ անգամ կրկնել, ես ձեզ կպատասխանեմ՝ այո, ես կզբաղվեմ որևէ այլ բանով, առայժմ չգիտեմ, թե ինչով»,- ասել է Սարկոզին, երբ հաղորդավարը երկրորդ անգամ է կրկնել հարցը:
Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ Սարկոզին կարող է պարտվել իր հիմնական մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին՝ 3-4 բալով առաջին փուլում, և մինչև 18 բալով երկրորդ փուլում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը նշանակված են համապատասխանաբար ապրիլի 22-ին և մայիսի 6-ին:










































