Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հղում կատարելով Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում իր աղբյուրներին, Թեհրանը հնարավոր է՝ ներկայումս վերացնում է նեյտրոնային պայթուցիչի փորձարկման հետևանքով առաջացած ճառագայթման հետքերը Փարչին միջուկային օբյեկտում:
Գործակալությունը նշում է, որ հնարավոր է՝ հենց այս պատճառով է իրականացվել բեռնատար մեքենաների մեծ տեղաշարժը միջուկային օբյեկտի կողմից:
Աղբյուրներից մեկն ասել է, որ նեյտրոնային պայթուցիչի փորձարկումները կարող են իրականացվել միջուկային զենքի ստեղծման ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Իրանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է թույլատրել միջազգային դիտորդներին այցելելու Փարչինի միջուկային օբյեկտ: Տեղեկացնենք նաև, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները փետրվարին այցելել էին Իրան, սակայն նրանց թույլ չէին տվել գնալ Փարչինի փորձարկման գոտի:










































