Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդները նոր զբաղմունք են գտել՝ նրանք «տուն են կանչում» Անահիտ աստվածուհու կիսանդրին, որը գտնվում է Լոնդոնի թանգարաններից մեկում, և որը տուն վերադարձնելու գաղափարը հղացել է ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ-ական երիտասարդությունը հավաքվել էր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ և «Անահիտին էր կանչում»: Զարմանալի էր, որ այդ «տունկանչի» արարողությանը բացակայում էր Հայաստանի հանրապետության և ամենայն հայոց «տուն կանչող» Հրանուշ Հակոբյանը, որը նույնպես ՀՀԿ-ական է, նույնպես նախարար, և ըստ էության նույնպես պարապ: Ի վերջո, հիմա ամառ չէ, տուրիստական ակտիվ սեզոն չէ, և Հրանուշ Հակոբյանի գործի անունն ինչ է, որ չի եկել ու չի միացել հայրենակից աստվածուհու կիսանդրին Լոնդոնից տուն բերելու կարևորագույն ակցիային, որ իրականացնում են երիտհանրապետականները:
Անահիտ աստվածուհու կիսանդրին իհարկե շատ կարևոր է, արժեքավոր բան է և ափսոս է, որ մնա Լոնդոնում, խնամքով պահվի թանգարանում, արժանանա շատ ավելի մեծ քանակով այցելուների ուշադրության և հետաքրքրության, քան ասենք Երևանում կարող է լինել: Ինչու Անահիտին հանգիստ թողնել Լոնդոնում և երիտասարդական էներգիան ավելի շատ վատնել Հայաստանի համար շատ ավելի կենսական խնդիրների ուղղությամբ, եթե կարելի է աստվածուհու կիսանդրին բերել, մի հարմար տեղ դնել, ասենք, Կասկադում, հետո դրա վրա մի քանի հարյուր լրացուցիչ զբոսաշրջիկներ բերել, մինչ այդ էլ օդանավակայանում կազմակերպել աստվածուհու արձանիկի դիմավորման արարողությունը, դրոշներ, պաստառներ, բոցաշունչ ելույթներ և արցունքներ, գրկախառնություններ, հուզմունք և ուշագնացություն: Մի խոսքով, ժանրի բոլոր կանոններին համապատասխան, որ հանկարծ ոչ մի մարդ անմասն չմնա այդ պաթոսին, հաղթական պաթոսին, որ հանրությանը հերթական անգամ կմատուցի Հանրապետական կուսակցությունը:
Եթե այս ամենը տեղի ունենար մի երկրում, որտեղ պետականության պահպանման բոլոր հիմնախնդիրները լուծված են և մնացել է համազգային ժամանցի հարցը, ապա կարելի էր իհարկե միանալ երիտհանրապետականների նախաձեռնությանը և Անահիտից էլ բացի, մի քանի այլ արձանիկ էլ պահանջել՝ բրիտանացիները շատ կունենան, թող մի քանիսը մեզ տան: Ինչպես հայտնի անեկդոտում, երբ մի քանի տարի ազատազրկվածը դուրս է գալիս բանտից ղարաբաղյան շարժման հանրահավաքների ժամանակ, և երբ տեղեկանում է, որ հանրահավաքների մասնակիցները Ղարաբաղն են պահանջում, խորհուրդ է տալիս նաև Սոչին էլ պահանջել, որովհետև այնտեղ էլ լավ հողեր կան: Բայց, մենք ապրում ենք մի երկրում, որը հերթական ընտրական շրջանին է մոտենում բազմաթիվ ճակատագրական հիմնախնդիրների առկայության պայմաններում, որոնք ամենուր են, բոլոր ոլորտներում, համատարած: Դրանք հասել են չլուծվածության մի այնպիսի մակարդակի, երբ հապաղումն այլևս սկսել է չափազանց թանկ նստել Հայաստանի և նրա քաղաքացիների վրա, իսկ որոշ ոլորտներում էլ՝ ինչպես բանակում, իրավիճակը արդեն բառացիորեն կյանք է արժենում հայաստանցի երիտասարդների համար:
Շատ ավելի լավ կլինի, օրինակ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության այդ երիտասարդները ավելի շատ եռանդ ու ջանք գործադրեն բանակում իրենց հասակակիցների կյանքն ու առողջությունը ավելի անվտանգ դարձնելու համար, և Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց Անահիտին կանչելու փոխարեն, փորձեն կլոր սեղանի առաջ կանչել իրենց կուսակցության լիդերներին և հարցադրումներ անել կոնկրետ ոլորտներում կոնկրետ միջադեպերի, օրինակ՝ բանակում ողբերգական դեպքերի անվերջանալի շարանի կապակցությամբ: Եվ այդպես բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով, որտեղ ճգնաժամի պաշարը հասել է գագաթնակետին և կարծես թե ամենուր իրավիճակը ըստ էության մազից է կախված և վերջին կաթիլն է մնում պայթյուն առաջանալու համար: Մինչդեռ Հայաստանն իրավունք չունի իրեն թույլ տալ այդ իրավիճակները մատնել անուշադրության, քանի որ Հայաստանն այլևս չունի նույնիսկ ամենափոքր պայթյուն թույլ տալու ռեսուրս: Բայց, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդներն իհարկե անզոր են իրենց կուսակցական լիդերներին, այսպես ասած, «մարտագորգի» վրա կանչելու և նրանց հարցադրումներ ներկայացնելու, նրանց նոր որակներ ու չափանիշներ պարտադրելու: ՀՀԿ-ում լիդերներն են պարտադրում երիտասարդներին որակ և չափանիշներ, լիդերներն են ասում, թե երիտասարդներն ուր պետք է գնան, ում պետք է կանչեն տուն, ում պետք է կոչ անեն հեռանալ տնից և այլն:
Դժբախտաբար, այդպիսին է գրեթե ամբողջ երիտասարդական-կուսակցական դաշտը: Այդ դաշտում գործող գրեթե բոլոր երիտասարդները, այս կամ այն դրսևորմամբ, ֆանատիզմով կամ հանուրժողության որոշակի դոզայով, այդուհանդերձ կենտրոնացած են կուսակցական լիդերներին սպասարկելու մտայնության վրա: Ավելին՝ իշխանական դաշտում անգամ ոճական իմաստով համատարած միատարրություն է, և վաղը ամենևին զարմանալի չի լինի, եթե օրինակ՝ Բարգավաճ Հայաստանի երիտասարդները շարվեն Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց և Անահիտին «տուն կանչեն», մի տարբերությամբ՝ կանչեն ենթադրենք իրենց կուսակցական լիդերներից որևէ մեկի, ասենք առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, ՀՀԿ-ից տարբերված լինելու համար: Ի վերջո, երբ Ֆրանսիան ճանաչում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ՀՀԿ և ԲՀԿ երիտասարդները միմյանց հետևից էին հերթ կանգնել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, Ֆրանսիային շնորհավորական բղավոցներ հասցեագրելու համար, փոխանակ երիտասարդական թարմ մտքով նպաստելու իրավիճակի վերլուծությանն ու Հայաստանի համար քաղաքական գործողությունների հնարավոր սցենարներ մշակելու, և այսպես ասած՝ մեծահասակ իշխանությանը ներկայացնելու: Այնպես որ, այժմ էլ հերթը կարող է Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց շարվի, բայց արդեն ոչ թե «մերսի», այլ «Անահիտ» բղավելու համար:
Հայաստանում երիտասարդ քաղաքականության խնդիրը իսկապես լուրջ է, ոչ պակաս լուրջ, քան այսպես ասած՝ հասուն դաշտում: Ընդ որում՝ երիտասարդական քաղաքական դաշտի պարագայում այդ լրջությունը կարող է շատ ավելի ճակատագրական լինել, քանի որ այդ ամենն արդեն ուղղակիորեն վերաբերում է քաղաքականության ապագային, և եթե հասունները արդեն «հասնում» են իրենց քաղաքական վերջին, երիտասարդների մոտ կարծես թե արդեն իսկ այդ վերջն է:











































