Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսել է իրականացնել «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնից, ծրագրի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգևոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը:
Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոգևոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ:
Պարբերական հանդիպումների ընթացքում հոգևոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց գկեղեցու արժեհամակարգի համատեքստում, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին և ծնողներին տրամադրվել էր «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք» գրքույկը:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվել է ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով «Բռնությունների հոգեբանական ասպեկտները» թեմայով, որին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինգ քահանա հայրեր:
Համաժողովին բանախոսություններով հանդես են եկել ՌԴ բռնության զոհերի պաշտպանության ազգային հիմնադրամի ավագ խորհրդական Սերգեյ Բորզովը, ով վերլուծել է ընտանեկան հիմնախնդիրների հոգեբանական հիմքերը և ընդգծել համայնքի հոգևոր հովվի դերակատարության կարևորությունը ընտանեկան, միջանձնային և երեխաների դաստիարակության վերաբերվող տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքում:











































