Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նախիջևանում մեկնարկել է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը:
Հանդիպումն անցնում է դռնփակ պայմաններում: Մինչ եռակողմ հանդիպումը արտգործնախարարները երկկողմանի հանդիպումներ են անցկացրել միմյանց հետ:
Ակնկալվում է, որ նրանք քննարկելու են երեք երկրների հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցեր. տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում և դրա համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծում, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և զենքի վաճառքի դեմ պայքար, տնտեսական ոլորտում համագործակցության խորացում և այլն:
Այնուամենայնիվ, այդ հանդիպման առաջին պլանում լինելու է Հարավային Կովկասում առկա իրավիճակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մամեդյարովը հայտարարեց, թե իրենք պայմանավորվել են նմանատիպ հանդիպումներն անցկացնել տարեկան երկու անգամ, և որ նախիջևանյան հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:











































