Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունից, օրերս քրեական գործ է հարուցվել դեռեւս սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ: Ըստ այդմ, նույն օրը ժամը 22-ի սահմաններում ԼՂՀ ոստիկանության ՃՊԾ երկրորդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արայիկ Ավանեսյանը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի տարածքում կանգնեցրել է “ՎԱԶ 2106” մակնիշի 27SU005 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակսել Ավանեսյանին`մեքենայի լուսացույցի լապտերը չաշխատելու կապակցությամբ: Կարգազանց վարորդը, սակայն, տեսուչ Արայիկ Ավանեսյանի պահանջներին չի ենթարկվել, վերջինիս, ինչպես նաեւ նրան օգնության հասած ԼՂՀ ոստիկանության ՃՊԾ երկրորդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ժիրայր Ենգիբարյանի հետ «վեճակռվի» մեջ է մտել եւ ապա բռնություն գործադրելու ոստիկանների նկատմամբ: Արդյունքում ոստիկաններ Ավանեսյանն ու Ենգիբարյանը առողջությանը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Փաստի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԼՂՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Նշենք, որ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառած ԼՂՀ քաղաքացին, ըստ որոշ տվյալների, ընդդիմության ներկայացուցիչ չէ: