Ապրիլի 8-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ներով քարոզչության, դահլիճների վարձակալության և քարոզչական պաստառների համար յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրավունք ունի ծախսել առավելագույնը 100 մլն դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դա ընդհանուր թիվ է, որևէ սահմանափակում չկա, և կուսակցությունն ինքն է որոշելու, թե այս 3 ուղղություններից որի վրա որքան ծախսի:
Տեսականորեն ենթադրենք, որ կուսակցությունները բացի այդ 100 մլն դրամից այլ գումար չեն ծախսելու իրենց ծրագրերը քարոզելու համար, ու փորձենք հաշվարկել, թե ինչքան եթերաժամանակ կկարողանան զբաղեցնել քարոզարշավի ընթացքում և որքան գումար կծախսեն:
Մասնավորապես, քարոզարշավի 25 օրերի ընթացքում ամենաթանկ գինը՝ 120 հազ. դրամ/րոպե, սահմանած «Շանթ» հեռուստաընկերության եթերում, որտեղ քաղաքական գովազդի համար տրամադրվելու է առավելագույնը 6 րոպե ժամանակ, կուսակցությունը կծախսի առավելագույնը 18 մլն դրամ:
«Արմենիա» հեռուստաընկերությունում, եթե տեսականորեն օգտագործվի հասանելիք օրական առավելագույնը 6 րոպե ժամանակը, 110 հազ. դրամ/րոպե գնահատված գովազդի համար կուսակցությունը կծախսի 16.5 մլն դրամ:
«Կենտրոն» հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի առավելագույն եթերաժամանակը սահմանել է 15 րոպե՝ 32 հազ. դրամ/րոպե գնով: Ըստ այդմ, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, կուսակցությունն այստեղ կծախսի 12 մլն դրամ:
Ամենացածր սակագինը՝ 18 հազ. դրամ/րոպե, սահմանած «Արմնյուզ»-ում օրական առավելագույն 6 րոպեների հանրագումարում կծախսվի 2.7 մլն դրամ:
Հանրային և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում քաղաքական գովազդների եթերաժամանակի մասին տվյալներ չհաջողվեց գտնել:










































