Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պահանջել է դադարեցնել Սուդանի և Հարավային Սուդանի միջև տեղի ունեցող ռազմական բախումները:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր կողմերից պահանջում է սահմանամերձ շրջաններում դադարեցնել ռազմական օպերացիան և վերջ դնել բռնություններին»,- ասվում է ՄԱԿ-ի ԱԽ նախագահի հայտարարության մեջ: Մարտ ամսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահում է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչն այդ մարմնում՝ Մարկ Լայել Գրանտը:
«Անվտանգության խորհուրդը դատապարտում է ցանկացած զինված խմբի այն գործողությունները, որոնք ուղղված են թե՛ Սուդանի, թե՛ Հարավային Սուդանի կառավարությունների բռնի տապալմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սուդանի հարավային մասն անցած տարվա հուլիսին ստացավ անկախություն` այդ շրջանում անցկացված հանրաքվեից հետո:










































