Ուսամա Բեն Լադենի մնացորդների ճակատագիրը կասկածի տակ է առնվել այն բանից հետո, երբ հետախուզական վերլուծական ընկերությունից ստացված էլեկտրոնային նամակում ասվում է, որ ահաբեկչության առաջնորդի մարմինն իրականում ուղարկվել է ԱՄՆ՝ դիակիզման:
Daily Mail-ը գրում է, որ էլեկտրոնային նամակների համաձայն՝ «Ալ-Կաիդա»–ի առաջնորդը սպանվել է Պակիստանի Աբբոթաբադ քաղաքում, այնուհետև նրա մարմինը տեղափոխել են ԱՄՆ և դիակիզել են: Էլեկտրոնային նամակները բացահայտվել էին Anonymous ցանցահենային խմբի կողմից։ Վերջինս տեղեկությունը ստացել էր Stratfor կազմակերպությունից, որը հայտնի է նաև Shadow CIA անունով:
Անցած շաբաթ ցանցահենային խումբը հայտարարել էր, որ կարողացել է ձեռք բերել կազմակերպության բազմաթիվ էլեկտրոնային նամակներ: Ցանցահեններն ասում են, որ Stratfor-ում ոչինչ չգիտեն տվյալների անվտանգության մասին:
Հիշեցնենք, որ երբ 2011 թվականի մայիս 2-ին Բեն Լադենը սպանվել էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հաղորդել էր, որ նրա մարմինը թաղել են ծովում:









































