Ինչպես հայտնում է BBC News-ը, մարտի 6-ին Բենգազիի և Լիբիայի արևելյան այլ շրջանների հարյուրավոր ակտիվիստներ խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ հանդես են եկել հօգուտ Կիրենաիկայի ինքնավարության։
Հավաքվածների կարծիքով՝ կենտրոնական կառավարությունն ավանդաբար քիչ ուշադրություն է դարձնում երկրի արևելյան շրջանին` չնայած այն հանգամանքին, որ հենց Կիրենաիկայում են գտնվում երկրի նավթային հիմնական պաշարները:
Այս կապակցությամբ նրանք հայտարարել են, որ կողմ են Լիբիայի դաշնային կառավարմանը, բայց համաձայնել են, որ Տրիպոլին պատասխանատու է ընդհանուր արտաքին քաղաքականության և մի շարք այլ համազգային հարցերի համար:
Արևելյան լիբիացիներն իրենց առաջնորդ են ընտրել Ազգային անցումային խորհրդի անդամ Ահմեդ Ալ–Զուբեյրին, ով Մուամար Քադաֆիի կառավարման օրոք տասնյակ տարիներ անցկացրել է բանտում:
Իր ելույթում Զուբեյրը խոստացել է պաշտպանել իր հայրենակիցների շահերը և նրանց շրջանի ինքնավար լինելու իրավունքը: Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ շարունակելու է մնալ Ազգային անցումային խորհրդի անդամ և չի պատրաստվում հասնել արևելյան Լիբիայի անկախությանը:
Միջոցառման մեկ այլ մասնակից` Տաիր Ալ-Խաիրին հայտարարել է, որ ժողովը ոչ մի անօրինական բան չի անում, քանի որ Լիբիայի բաժանումը Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի և Ֆեզզանի ոչ միայն պատմականորեն հաստատված իրականություն է, այլ նաև փաստ, որն ամրագրված է 1950 թ. փաստաթղթերի մեջ, երբ երկիրն անկախություն էր ձեռք բերում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Տրիպոլիում նման նախաձեռնությունները մեծ անհանգստություն են առաջացնում, քանի որ դրանք կարող են հանգեցնել երկրի բաժանմանը:








































