Աբովյան փողոցից ապամոնտաժված, այժմ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների սեփականատերերին փոխհատուցելու հարցը դեռ պարզ չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը` անդրադառնալով քաղաքապետի այն խոսքին, թե կրպակների սեփականատերերին պետք է փոխհատուցում տրամադրել:
Նա նշեց, որ բազմիցս քաղաքապետարանից խնդրել են իրենց տրամադրել վարձակալության պայմանագիրը, սակայն չեն տրամադրել: Ըստ նրա` երբ իրենց ձեռքի տակ լինի Աբովյան փողոցում կրպակների վերաբերյալ պայմանագիրը, կարող են հստակ նաև առաջարկներ ունենալ: «Այս պահին, երբ ծանոթ չենք պայմանագրի պայմաններին, ոչինչ չենք կարող կոնկրետ ասել, պայմանագրով հազար բան կարող է նախատեսված լինել, հնարավոր է այնպիսի պայմանով են տրվել, որ ֆորսմաժորային իրավիճակում պետք է ապամոնտաժվեն առանց որևէ փոխհատուցման: Շատ կետեր կարող են այնտեղ լինել, բայց քաղաքապետարանը համառորեն մեզ չի տրամադրում այդ պայմանագիրը»,- նշեց իրավաբանը:
Նա նաև հավելելեց, որ դեմ է փոխհատուցմանը, որովհետև այստեղ խոսքն անհատական պատասխանատվության մասին է: «Ով տրամադրել է անօրինական թույլտվություն, նրան էլ պետք է պատասխանատվության ենթարկել»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ Աբովյան փողոցի վրա տեղադրված կրպակների սեփականատերերին պետք է փոխհատուցել, որն ահռելի գումար է, և քաղաքապետարանը չունի այդ գումարները: Նա նաև տեղեկացրել էր, որ սեփականատերերը մինչև 2028 թվականը տարածքի վարձակալության պայմանագրեր են ունեցել:











































