Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 23-ին ԵՄ-ը բեռնարգելք սահմանեց իրանական նավթի ներկրման վրա, ինչն ամբողջովին ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:
Դա նշանակում է, որ կես տարի անց իրանական նավթը կթանկանա 20 դոլարով, ինչը Թեհրանին կբերի նվազագույնը 10 միլիարդ դոլարի շահույթ: Իրանական նավթի արտահանման 18 տոկոսը բաժին է ընկնում եվրոպական երկրներին:
Իրանի պետական ռադիոն հայտարարել է, որ ԵՄ կողմից իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելքի սահմանումը հանգեցրեց «սև ոսկու» աննախադեպ գնաճին: Հյուսիսային ծովի «Բրենտ» տիպի մեկ բարել նավթը 107 դոլարից հասավ 128 դոլարի:
Նշվում է, որ եթե հետագայում նույնպես Արևմուտքը հրաժարվի իրանական նավթ գնելուց, ապա «այդ հաճույքը» նրա համար ավելի թանկ կարժենա, քան ներկայումս է:











































