Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, այսօր` մարտի 6-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և Արա Նռանյանը ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև:
Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի 11-ին Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ:
Լիտվական կողմը կարևորել է Հայաստանում ընտրական գործընթացներիժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում:
Խորհրդարանականները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա և հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
«Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:










































