Հունաստանի տարերային դեֆոլտը կստիպի Իտալիային և Իսպանիային օգնություն խնդրել միջազգային վարկատուներից և եվրոգոտու համար կարժենա ավելի քան 1 տրլն եվրո: Այսպիսի եզրակացության են հանգել Միջազգային ֆինանսական ինստիտուտի (IIF) փորձագետները:
«Հունաստանի տարերային դեֆոլտը կարող է հանգեցնել մի շարք չափազանց վտանգավոր հետևանքների: Այժմ դժվար է հաշվարկել պայմանական պարտավորությունների ճշգրիտ չափը, բայց ամենայն հավանականությամբ այն կգերազանցի մեկ տրլն եվրոն»,- նշվում է IIF գաղտնի փաստաթղթում, որը հայտնվել է Reuters գործակալության տրամադրության տակ:
IIF-ն կոչ է անում, որպեսզի Հունաստանի պետական պարտատոմսերի փոխանակման գործընթացն ավարտվի մինչև 2012թ. մարտի 8-ը: Եթե գործարքն աջակցություն չստանա, Եվրոպական կենտրոնական բանկը զգալի կորուստներ կկրի: IIF-ն հունական պետական պարտատոմսերում ԵԿԲ ներդրումները գնահատում է 177 մլրդ եվրո:
Հունաստանի տարերային դեֆոլտի դեպքում Իռլանդիան և Պորտուգալիան լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք կունենան, որի չափը IIF-ն գնահատում է 5 տարվա ընթացքում 380 մլրդ եվրո: «Պարտքային ճգնաժամի վարակը» դադարեցնելու համար Իտալիային և Իսպանիային կպահանջվի ևս 350 մլրդ եվրո: Իսկ բանկերի լրացուցիչ վերակապիտալիզացիայի հետ կապված ծախսերը կկազմեն 160 մլրդ եվրո, նշում է IIF-ն:











































