Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի կոմպոզիտոր Գովհար Հասանզադեն մեկնաբանել է թուրք երգչուհի Սեզեն Աքսուի կողմից իր Kök (Արմատ) անունով ալբոմում հայտնի «Սարը գելին» ( «Դեղին հարս» կամ «Նորահարս) երգի հայերեն կատարման ընդգրկումը: Երգի կատարման ժամանակ Աքսուին ձայնակցում է հայկական երգչախումբը:
Այս կապակցությամբ Հասանզադեն հայտարարել է. «Ես կարծում եմ, որ երգելով հայկական երգչախմբի հետ՝ Սեզեն Աքսուն առաջին հերթին նվաստացրել է թուրք երաժիշտներին, որոնք հայտնի են իրենց արհեստավարժ կատարմամբ:
Եթե մարդը նվաստացնում է իր իսկ հայրենակիցներին, ապա ինչ կարող ենք նրանից սպասել մենք (իսկ ո՞ւր մնաց թուրք-ադրբեջանական հայտնի «Մեկ ազգ, երկու պետություն» բարբաջանքը.– 1in.am): Վստահ եմ, որ Աքսուի կողմից նման քայլ անելուց հետո պետք չէ այդ երգչուհուն հրավիրել Ադրբեջան»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգի հայկական ծագումը և շեշտում են դրա ադրբեջանական կամ թուրքական ծագում ունենալը: Սակայն հայկական կողմը պնդում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է:










































