«Մարտի 2-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք բավականին յուրահատուկ էին, որովհետև հեղափոխությունից հետո առաջին անգամ էին խորհրդարանական ընտրությունները պաշտոնապես բոյկոտվում իրանական ընդդիմության կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:
Գնահատելով Իրանի խորհրդարանական ընտրությունները՝ բանախոսը նկատեց, որ ընդհանուր առմամբ դրանք անցան այնպես, ինչպես ենթադրում էին իշխանությունները. « Բավականին երկար քարոզչական աշխատանք էր տարվել, ըստ որի՝ ընտրություններին չմասնակցելը նշանակում է մասնակցել ԱՄՆ-ի հակաիրանական գործունեությանը: Բնակչության 64 տոկոսը մասնակցում էր ընտրություններին, որը բարձր ցուցանիշ է. անցած ընտրություններին մասնակցել էր բնակչության 55 տոկոսը»:
Խոսելով Հայաստան-Իրան համագործակցության մասին՝ իրանագետն ասաց, որ Իրանը միշտ էլ եղել է Հայաստանի հավատարիմ գործընկերը, համագործակցությունը կշարունակվի, սակայն «մենք չենք համաձայնի Իրանի հետ այն ոլորտներում, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել»:
Տարածաշրջանում մեծ դեր խաղացող Ռուսաստանն էլ իր հերթին է կապված Իրանի հետ. «Իրանը և Ռուսաստանը գտնվում են նույն նավակում՝ Սիրիայում Բաշար Ալ-Ասադի իշխանությունը պահելու համար, որը ձեռնտու է նաև Հայաստանին»:
Ըստ բանախոսի՝ չի բացառվում որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը լինի ավելի ագրեսիվ, հնարավոր է՝ հետաձգվի Արաքս գետի վրա կառուցվող հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարությունը:









































