Ինչպես լրագրողներին հայտնել են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի փաստաբանները` նրանց ներկայացնելով իրենց համատեղ հայտարարությունը, եթե իրենց պաշտպանյալին հանկարծ հանձնեն շվեդական իրավապահներին, ապա հնարավոր է, որ նրան մահապատիժ սպառնա:
Հայտարարության մեջ ասվում է, որ եթե արտահանձնումը տեղի ունենա, ապա ամերիկացիները կարող են դիմել Շվեդիայի իշխանություններին` նրան ամերիկյան արդարադատությանը հանձնելու պահանջով:
«Վտանգ կա, որ նրան կպահեն Գուանտանամոյի բանտում»,- ասված է հայտարարության մեջ: «Եթե նրան արտահանձնեն ԱՄՆ-ին, և չլինեն հստակ երաշխիքներ, որ Ասանջի դեմ մահապատիժ չի կիրառվի, ապա ռեալ վտանգ կա, որ նա մահապատժի կենթարկվի»,- նշում են փաստաբանները:
Ասանջի գործի լսումները լոնդոնյան դատարանում կշարունակվեն փետրվարի 7-8-ը: Այս մասին դատարանը որոշում է կայացրել երեկ:
Երեկ Ասանջը հայտարարել է, որ կարագացնի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, ինչը, ըստ փաստաբանների, ԱՄՆ-ին արտահանձման հարցը բարձրացվելու դեպքում թույլ կտա իրենց պնդել, որ սա քաղաքական պատվեր է: