Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք երգչուհի Սեզեն Աքսուն իր երկրպագուներին անակնկալ է մատուցել: Նա որոշել է իր Kök (Արմատ) անունով ալբոմում ընդգրկել նաև հայտնի «Սարը գելին» ( «Դեղին հարս» կամ «Նորահարս) երգի հայերեն կատարումը: Երգի կատարման ժամանակ նրան ձայնակցում է հայկական երգչախումբը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգի հայկական ծագումը և շեշտում են դրա ադրբեջանական կամ թուրքական ծագում ունենալը: Սակայն հակական կողմը պնդում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է:
Ի դեպ, 2009 թվականին Թուրքիայի կրթության նախարարության հրահանգով թուրքական դպրոցներում ցուցադրվեց «Սարը գելին-Հայկական հարցի ներքին երեսը» խորագրով հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմը: Սակայն դա առաջացրեց աշակերտների ծնողների բողոքը, քանի որ ֆիլմում կային այնպիսի դրվագներ (դիակների, կտրված գլուխների տեսարաններ), որոնք բացասական ազդեցություն էին թողնում դպրոցականների հոգեկան աշխարհի վրա:
Բացի այդ, ֆիլմում առկա էր «Հայաստանի դպրոցներում նկարահանված» երդման արարողության մի կեղծ տեսարան, որի ընթացքում հայ աշակերտները, իբրև թե, երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից։









































