Չի բացառվում, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարը շուրջ 40 անգամ ավելացնելու Ադրբեջանի ցանկությունը Ռուսաստանից ինչ-ինչ բաներ կորզելու նպատակ կամ նրա շահագրգռվածությունն ստուգելու միտում ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Ռուսաստանի համար Գաբալան անվտանգության ապահովման խնդիր չի լուծում, ավելի շատ միտված է ռազմավարական հարաբերություններին: Կարծում եմ՝ կայանի դիմաց Ադրբեջանը Ռուսաստանից այլ բաներ է ակնկալում՝ էներգետիկ հարաբերություններ, անվտանգության խնդիրներ Կասպից ծովում և այլն, և եթե Ռուսաստանը կշեռքի նժարին դնելու ուրիշ բան չունենա, գուցե համաձայնի Ադրբեջանի պարտադրանքին: Իսկ ահա Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման խնդիրը բոլորովին այլ է. ուզես թե ոչ՝ այստեղ այն ի վերջո անվտանգության հարց է լուծում: Այնպես որ, Գաբալան և Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան հարաբերությունների տարբեր շերտեր են»,- նշեց նա:
Հարցին՝ ժամանակը չէ՞, որ ռուսական զորքը պահելու համար Հայաստանն իր հերթին տարեկան վարձավճար պահանջի Ռուսաստանից, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Դրա համար պետք է խորքային պատկերացում ունենալ, թե անվտանգության համակարգն ինչպես է կառուցված»:
Նշենք, որ ըստ մոսկովյան «Կոմերսանտի»՝ Ադրբեջանն անսպասելի պահանջ է ներկայացրել` ավելի քան 40 անգամ ավելացնել ռազմական այս օբյեկտի օգտագործման տարեկան վարձավճարը: Եթե անցած տասնամյակում Ռուսաստանը տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում, ապա այժմ ադրբեջանական կողմը պատրաստվում է տարեկան վարձավճարը դարձնել 300 միլիոն: Այս պահանջին չընդառաջելու դեպքում պաշտոնական Բաքուն սպառնացել է չերկարաձգել Գաբալայի կայանի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետն արդեն իսկ մոտենում է ավարտին:
«Կոմերսանտի» փոխանցմամբ` Բաքուն իր այս պահանջը հնչեցրել է փետրվարի կեսերին կայացած բանակցությունների ժամանակ: Ուշագրավ է, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանի կառավարությունը պահանջել էր կրկնապատկել Գաբալայի վարձավճարը` այն հասցնելով 15 միլիոնի:











































